04 07 2020

Երկու տարի է` Փաշինյանը խոսում է միայն շինհրապարակների մասին

Երկու տարի է` Փաշինյանը խոսում է միայն շինհրապարակների մասին

Վերջին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շինհրապարակներում տիրող վիճակին: Նա, մասնավորապես, ասաց.

«Մինչև հիմա Հայաստանում շինարարության նկատմամբ կա, կներեք, խորհրդային շրջանում մի այդպիսի բառ կար՝ փոդրաթչիության տրամաբանության մեջ էր: Մենք շինհրապարակից սկսած խնդիր ունենք: Մեր շինհրապարակները շատը հաճախ ավելի շատ աղբանոցի են նման, քան գործունեությունը ծավալելու տեսակի: Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք՝ բանվորի հագուստից սկսած, պաշտպանության միջոցով վերջացրած: Շինհրապարակի որակը քաղաքակրթական նշանակություն ունեցող  հարց է, դա վերաբերմունք է մարդկանց, բանվորին: Այն երկրում, որտեղ կա քամահրական վերաբերմունք բանվորին, դա լուրջ բովանակային պրոբլեմ է»:

Այս թեմային Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է: Դեռ մեկ տարի առաջ Գյումրի կատարած այցի ժամանակ նա անդրադարձել էր շինհրապարակների կազմակերպման խնդրին:

«Մենք որ մի տեղ շինարարություն ենք սկսում, դրա կանխավարկածն այդ է, որ վերջ, շինարարություն ենք սկսել, ինչ կուզենք կանենք, այդպես չի: Այդ շինարարություն իրականացնողը, նախագծողը պետք է միջավայրի մասին մտածի: Հիմա ենթադրենք այս շինարարությունը պետք է մեկ տարի տևի, այս մարդուն մեկ տարի պետք է ասենք՝ գնա Գյումրիից ուրիշ տեղ ապրի, հետո հետ կգաս: Այդ մեկ տարվա ընթացքում պարտավոր են նրա միջավայրն ապահովել: Հիմա մեր բոլոր շինարարական հրապարակների 90%-ը աղբանոց է: Երբ որ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքում կյանքը պետք է կանգնի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Մաքուր շինհրապարականերից բացի Փաշինյանին նյարդայնացնում էին նաև արձանների պաշտպանության «հնացած» միջոցները: Մասնավորապես նախորդ տարի վարչապետը կառավարության նիստի ժամանակ մի ծավալուն ելույթ նվիրեց  Երևանի նորաբաց այգու սկզբնամասում գտնվող Մյասնիկյանի արձանի խնդրին:

«Ինչի՞ ա պետք, որ էդ փակելն արվի 75 թվի արտադրության ցելոֆանե ժապավենով՝ 25 տեղից կապած: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ՝ ինչով են զբաղված: Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը: Նախ՝ պետք է այդ ժապավենը հանել, անվտանգության հարցն էլ պատշաճ լուծել: Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն և բերել փաթաթել»,- ասաց վարչապետը:

Իհարկե, բոլորն են հասկանում, որ շինհրապարակը աղբանոցի չպետք է վերածվի, հասկանում են, որ 21-րդ դարում արձանները ժապավեններով չպետք է պաշտպանվեն, իսկ շինհրապարակներում աշխատող մարդկանց հանդեպ պետք է լինել հարգալից: Փաշինյանն ասում է բաներ, որոնց հետ ոչ մեկ չի վիճում, պարզապես մեկ շատ մեծ տարբերություն կա: Նա միայն այդ ամենն արձանագրողը չէ, իր յուրաքանչյուր խոսքին պետք է հետևեն կոնկրետ հանձնարարականներ, գործողություններ, քայլեր՝ բարձրաձայնած խնդիրը լուծելու համար: Հակառակ դեպքում, ինչպես հիմա, մենք մյուս տարի էլ, երկու տարի անց էլ, դրանից հետո էլ նորից լսելու ենք կառավարության նիստին մտահոգ դեմքով նման արձանագրումներ, որին հետևելու է ոչինչ: Իհարկե, եթե նպատակը խնդիրը լուծելն է, այլ ոչ թե պարզապես դրանց մասին  աղմկելը, կամ էլ ստացվում է, որ Փաշինյանի խոսքն անգամ ինքը չի հարգում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ